Լեհաստանը մինչև տարեվերջ կսկսի պատնեշի կառուցումը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանը ամրաշինական աշխատանքներ կսկսի ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանին մինչև 2024թ. տարեվերջ, տեղեկացրել է երկրի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։

«Առաջիկա երեք շաբաթներին մենք կկարողանանք կատարել East Shield («Արևելյան վահան») համակարգի առաջին փորձարկումները լեհական զորադաշտերում, իսկ այս տարի կսկսենք առաջին տարրերի կառուցումը հյուսիսային և արևելյան սահմաններին»,- ասել է նա մամուլի ասուլիսում (մեջբերումն՝ ըստ Reuters-ի)։ Նախագծին, ըստ Տոմչիկի, կմասնակցեն Լիտվան, Լատվիան և Էստոնիան, ինչպես նաև բրիտանական և ամերիկյան զինված ուժերը։

Պատերազմն Ուկրաինայում դրդել է Լեհաստանին ավելացնել պաշտպանական ծախսերը. 2024թ. դրանք կկազմեն ՀՆԱ 4,2 տոկոսը, 2025-ին՝ 4,7։ Ինչպես նշել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, այդ միտումը կպահպանվի նաև հաջորդ տարիներին։

Գերատեսչության ղեկավարը նաև մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության թեժացման առիթով՝ զգուշանալով, որ դա կշեղի միջազգային հանրության, ներառյալ ԱՄՆ ուշադրությունը Ուկրաինայից։ «Դա մեզ համար լավ չէ»,- ավելացրել է նա։