Հոկտեմբերի 1-ին Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին: Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից։
Նիստի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման արդիական խնդիրները:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերության, տրանսպորտի, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը։
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները կքննարկեն մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:
Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցեն միության դիտորդ երկրները և հրավիրված հյուրեր։
Իսկ այսօր՝ սեպտեմբերի 30-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պաշտոնական այցով կմեկնի Իրան Իսլամական Հանրապետություն։ ՌԴ վարչապետը բանակցություններ կվարի Իրանի ղեկավարության հետ:

