«Քոմեդի քլաբը» փակելու մասին հայտարարությունը կատակ է եղել

«Քոմեդի քլաբի» (Comedy Club) կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը և շոուի հաղորդավար Պավել Վոլյան հերքել են հաղորդումը փակելումասին ավելի վաղ իրենց արած հայտարարությունը։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ նրանք «մտափոխվել են» ու շոուն չեն փակում։

Շոումենները պարզաբանել են, որ շոուն փակելու մասին իրենց հայտարարությանը հաղորդման նոր՝ 20-րդ եթերաշրջանի կատակերգական անոնս էր։

Սեպտեմբերի 20-ին «Comedy Club»-ի նոր թողարկման սկզբում, որը նախապես հայտարարվել էր որպես եզրափակիչ, Խարլամովն ասել է, որ շոուն փակվում է։ Սակայն հետո Պավել Վոլյան ավելացրել է. «Ցտեսություն, հին Comedy Club։ Եվ բարև, Comedy Club-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան», որից հետո նա պատմել է շոուի ստեղծման պատմությունը։

TNT հեռուստաալիքի մամուլի ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, թե իբր արդեն որոշվել է՝ ինչ հաղորդում է հեռարձակվելու կատակերգական շոուի փոխարեն։