Արցախի Հանրապետության օրը՝ առանց Արցախի
Այսօր Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) օրն է։
33 տարի առաջ այս օրը՝ 1991 թ․սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:
Նույն թվականի դեկտեմբեր 10-ին Խորհրդային Միության փլուզումից (դեկտեմբերի 26) օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրաքվե, որով ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվել է Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
1991 թ. դեկտեմբերի 28-ին անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի (հետագայում՝ Ազգային ժողով) պատգամավորների ընտրություններ։ 1992 թ. հունվարի 6-ին կայացել է հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունել է ԼՂՀ անկախության հռչակագիրը։
Պատերազմներով անցած Արցախն այսօր բռնազավթված է և առանց հայերի, 2023 թվականի սեպտեմբերի վերջին արցախցիներին մահվան սպառնալիքի տակ ստիպեցին լքել իրենց պատմական հայրենիքը։ Արցախում այսօր թշնամին բարբարոսաբար քանդում-ավերում է ամենայն հայկականը, փորձում ջնջել հայկական հետքը հայկական Արցախից։
Պատմական հայրենիքից բռնի տեղահանված ավելի քան 150 հազար արցախցիներ այսօր հիմնականում հաստատվել են Հայաստանում, մի մասը էլ հեռացել է այլ երկրներ, սակայն նրանք բոլորն ունեն մեկ երազանք՝ վերադառնալ տուն՝ Արցախ․․․

