Վոլգոգրադի շրջանի թիվ 19 ՔԿՀ-ում մի քանի բանտարկյալներ պատանդներ են վերցրել, կան զոհեր և վիրավորներ
Վոլգոգրադի շրջանի թիվ 19 ՔԿՀ-ում մի քանի բանտարկյալներ պատանդներ են վերցրել։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Դաշնային քրեակատարողական ծառայության մամուլի բյուրոյից։
«Վոլգոգրադի մարզում 19 ՔԿՀ-ում կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ մի քանի բանտարկյալներ պատանդներ են վերցրել»,-ասել է գործակալության զրուցակիցը։
ՔԿՀ-ն գտնվում է Սուրովիկինո քաղաքում։
Baza Telegram ալիքի տեղեկացմամբ, պատանդառության հետևանքով երեք մարդ է զոհվել։
Նշվում է, որ երկու տղամարդու հաջողվել է փախչել պատանդառուներից՝ ՔԿՀ-ի աշխատակիցը և մեկ բանտարկյալ։ Նրանք կտրած-թափանցող վերքերով հանձնվել են բժիշկներին։
SHOT Telegram ալիքի տեղեկություններով՝ ծանր վիրավորվել են գաղութի չորս աշխատակիցներ։ Նրանց թվում է հատուկ հաստատության ղեկավար Անդրեյ Դևյատովը, որը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի վայրից հրապարակված տեսանյութում հայտնում են, որ անկարգություններ հրահրողները «Իսլամական պետության» հետ են կապված։ Նրանք պահանջում են ուղղաթիռ և 2 մլն դոլար։
Հրապարակվել են նաև պատանդառուների լուսանկարները։

