ԱՄՆ-ը հետախուզական տեղեկություն է ստացել, որ Իրանը Թրամփի դեմ մահափորձ է ծրագրել. Թեհրանը հերքում է. CNN
ԱՄՆ իշխանությունները վերջին շաբաթներին աղբյուրից հետախուզական տեղեկություն են ստացել Իրանի կողմից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու դավադրության վերաբերյալ, ինչը հանգեցրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից նախկին նախագահի անվտանգության ուժեղացմանը, CNN-ին հայտնել են բազմաթիվ մարդիկ, որոնք այդ մասին տեղեկացված են:
Սակայն որևէ նշան չկա, որ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը շաբաթ օրը Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ փորձել էր սպանել նախկին նախագահին և վնասել էր նրա ականջը, կապված է եղել իրանական կողմի դավադրության հետ, ասել են աղբյուրները:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հերքել է Թրամփի դեմ իր երկրի դավադրությունը:
«Այդ մեղադրանքները չհիմնավորված են և չարամիտ: Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից Թրամփը հանցագործ է, որը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և պատժվի դատական կարգով՝ գեներալ Սոլեյմանիի (Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը սպանվել էր 2020 թվականի հունվարին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ավիահարվածից-Խմբ.) սպանությունը պատվիրելու համար։ Իրանն ընտրել է օրինական ճանապարհը՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար», – CNN-ին ասել է առաքելության ներկայացուցիչը:

