Նոր դրամաշնորհային ծրագիր. Հայաստանը պարտավորվել է մինչ 2030-ը 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին:
Այս դրամաշնորհային համաձայնագիրը թիրախավորում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրած մի շարք հանձնառությունների և քաղաքականությունների իրականացումը, մասնավորապես, կենսաբազմազանության պահպանության, լքված և տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացիայի, անտառվերականգնմանև համապատասխան օրենսդրական դաշտի կարգավորման համատեքստում։
Համաձայնագրով նախատեսված միջոցառումները բխում են Կառավարության ծրագրի մի շարք առաջնահերթություններից, ինչպիսիք են՝
- անտառների կայուն կառավարումը,
- կենսաբազմազանության պահպանությունը,
- բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը,
- ընդերքօգտագործման արդյունքում խախտված տարածքների ռեկուլտիվացիայի իրականացումը,
- ազգային օրենսդրության մոտարկումը ԵՄ շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությանը` համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի:
2021-2030 թթ. Ազգային մակարդակով սահմանված գործողությունների շրջանակներում Հայաստանը պարտավորվել է մինչ 2030 թվականը 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Համաձայնագրով նախատեսվող ջրաճահճային տարածքների վերականգնումը կօգնի հասնել սահմանված առաջնահերթություններին՝ հաշվի առնելով նմանատիպ էկոհամակարգերում ածխածնի կլանման զգալի կարողությունները։

