Մտերմություն ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ, երկրորդ, երրորդ նախագահների շրջանակների հետ․ Բագրատ Սրբազան

Շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը կապելու «նախկինների» հետ, սին են ու դատարկ։  Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսին ասաց Բագրատ Սրբազանը:

«Ես որևէ խնդիր չունեմ համագործակցելու բոլորի հետ։ Ինձ հրավիրել էին «Արարատյան ալյանս» ինստիտուտի հավաքին՝ կազմակերպված Ռուսաստանի հայերի միության կողմից, աղմուկ էր բարձրացել՝ բացահայտված է՝ ռուսական է։  ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Մադագասկարը թող հրավիրեն, իրենցը գնամ։

Մտերմություն ունեմ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ, նաև՝ ՀԱԿ-ի տարբեր անձանց հետ։

Մտերմություն ունեմ երկրորդ, երրորդ նախագահների շրջանակների հետ։

Նրա խոսքով՝ Հայաստանում չկա մեկը, որ նախկին չէ. «Մենք բոլորս էլ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ ունենք, կարող է ընդունենք կամ չընդունենք, ես բոլոր ժամանակներում ընդդիմադիր եմ եղել՝ սկսած առաջին նախագահից, բայց թշնամիներ չենք եղել, ոչ ոք չի դարձրել որևէ մեկին հայրենիքի դավաճան»,- ասաց նա։

Նրա խոսքով, թերություններ, սխալներ, ձախողումներ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ․ «Անընդունելի են եղել մեզ համար, մարդիկ էլ ընդունել են, բայց դրանք ողբերգություն չեն եղել, շտկելիք են եղել»,- հավելեց Սրբազանը։