Թող Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ

Այսօր առավոտից տավուշցիները փակել են Կիրանցի կամուրջը, քանի որ ըստ շրջանառվող լուրերի, այսօր այդ հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացնելու:  Լրագրողի դիտարկմանը, թե Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ սահմանազատման արդյունքում գյուղացիները չեն հայտնվելու թիրախում, բնակիչներն ասին․«Էդ ո՞վ ա էդ Անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք, ես տենց մարդ չեմ ճանաչում: Վերևում նստած ամեն ինչը կառավարում են, թո՛ղ գան ժողովրդի վիճակը տեսնեն»։

«Թող Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն էս սահմանին դնեն, նորակառույց դպրոցի տեղը դնեն, որը 50 մետր ա հեռու սահմանից, ու ամեն առավոտ 9-ին գնան էդտեղ գործի: Տենանք իրանց դո՞ւր ա գալիս»,-ասաց Կիրանցի կամրջի մոտ ականազերծողներին սպասող կիրանցեցին։

Նրա պնդմամբ, գյուղացիների հողերի սեփականության վկայականները տարել են Երևան և ցույց տվել պատկան մարմիններին, վերջիններս սակայն, ասել են, որ դրանք կեղծ են: Գյուղացիները զայրացած են՝ ինչպե՞ս կարող են կեղծ լինել այն վկայականները, որոնք հենց պետությունն է տվել իրենց:

Հիշեցնենք, որ Տավուշում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը շարունակում է փակ մնալ: Այսօր տավուշցիները փակել են նաև Կիրանցի կամուրջը, քանի որ, ըստ լուրերի, ականազերծման աշխատանքներն այսօր իրականացվելու են այդ հատվածում։ Երեխաներն իրենց ծնողների հետ մասնակցում են անհնազանդության ակցիաներին։ Սահմանապահ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի դպրոցները դասադուլ են անում։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: