Կիրանցում դասադուլ է

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Երկրորդ օրն է, ինչ Իջևան համայնքի սահմանամերձ Կիրանցի հիմնական դպրոցում դասեր չեն կայանում: Այդպես բողոքում են տարածքները Ադրբեջանին միակողմանի հանձնելու դեմ։

Կիրանցի դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ ծնողներն իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում, ուսուցիչները դպրոց՝ աշխատավայր ներկայանում են»:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը:

Նույն օրը երեկոյից սկսած Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք դժգոհ են Երևանի և Բաքվի պայմանավորվածություններից, բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ փակելով դեպի Բագրատաշենի և Բավրայի անցակետեր տանող ճանապարհները:

Երեկ կառավարության շենքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Նոյեմբերյանի քաղաքապետի, Բաղանիս, Ոսկեպարի, Կիրանց և Բերքաբեր գյուղերի վարչական ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ չի եղել։

Կառավարության ներկայացուցիչները չեն համաձայնել համայնքների ղեկավարների առաջարկին։ Կիրանցի համայնքապետը գյուղացիներին հայտնել է, որ իշխանությունները ոչ մի նոր բան չեն ասում, ինչ պլանավորել են, դա էլ անելու են: