Եթե զոհվեմ՝ գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ․այսօր Դուշման Վարդանի ծննդյան օրն է
«Հայն իրավունք չունի հնոցապան ու խոհարար դառնալու: Մեզ ռազմագետ զինվորներ են պետք, դարավոր թշնամի ունենք»․ այսօր Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի ծննդյան օրն է, նա կդառնար 58 տարեկան։
Ծնվել է 1966 թ. մարտի 9-ին՝ Երևանում։
Դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո որպես կամավոր մեկնում է Աֆղանստան: «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու», – ասում էր Վարդանը:
Աֆղանստանից վերադառնալուց հետո Վարդան Ստեփանյանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Այնուհետ սկսվում է Արցախյան պատերազմը, Վարդանն առաջիններից էր, ով մեկնեց մարտի դաշտ:
Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ դատի ռազմական թևի հետ: Ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ, ստեղծել է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայիները:
Դուշման մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում:
1989-92 թթ․ նա մասնակցել է Իջևանի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի (Շուռնուխ), ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական, Կրկժանի, Հադրութի, Խոջալուի, Լեսնոյի, Մալիբեյլիի ազատագրական մարտերին, իսկ Շուշիի և Լաչինի ազատագրման ժամանակ եղել է ջոկատներից մեկի հրամանատարը, որտեղ Դուշմանն իր ջոկատով ոչ մի զոհ չի տվել։ Մարտական ընկերները պատմում են, որ Շուշիի ազատագրումից հետո նա մտնում է հայկական գերեզմանատուն, անցնում շիրիմից-շիրիմ և գոչում՝ մեր պապե՛ր, Շուշին ազատագրված է, հանգստացեք:
1992 թվականի հուլիսի 3-ին` մարտական առաջադրանք կատարելիս, Դուշմանն ու իր ընկերները` Երոն (Արմեն Երիցյան) և Արայիկը (Արա Ավագյան) զոհվեցին դավադիր ականի պայթյունից` ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում: «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, եթե զոհվեմ` միայն դավադիր ականից կլինի»,- ասում էր Վարդանը:
Այս մարգարեությունից զատ Վարդանը զոհվելուց առաջ «հրահանգել էր». «Եթե մեռնեմ, գեղեցիկ հագնված, զինվորին վայել կեցվածքով կգաք, լաց չլինեք, գլխիս տակ էլ դաշույն կդնեք, որ այնտեղ էլ անարդարությունների դեմ պայքարեմ»:
1993թ. օգոստոսի 10-ին, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Դուշման Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Ի դեպ, Դուշմանը խստիվ արգելել էր թշնամու տանից որևէ իր վերցնել՝ ինչպես Մոնթեն: Ասում են, որ Լեսնոյի ազատագրության ժամանակ Վարդանը մի պարկ փողով այրել է թուրքի տունը, իսկ երբ զինվորներից մտնում էին արդեն դատարկված տները և ձեռքի ափը ոսկով լի դուրս գալիս ու հետն էլ թվարկում, թե ինչեր կանեն այդ ոսկիներով: Վարդանը հանգիստ լսում է, ապա հերթով վերցնում է նրանց ձեռքից ամբողջ ոսկին, լցնում գետն ու ասում. «Տղե՛րք, որ ընկանք ոսկու հետևից, հողեր կկորցնենք…»:
«Վարդանը սովորեցնում էր՝ ինչպես անել, որպեսզի պատերազմում մարդ սպանելով հետագայում մարդասպան չդառնանք, բացատրում էր՝ ինչ է պատերազմը, ինչու է ինքը Արցախում, ինչու էր ժամանակին կամավոր հայտնվել Աֆղանստանում։ Բոլոր հարցերի պատասխանները նույնն էր՝ հայրենիքը։ Վարդանը հավատում էր, որ պաշտպանելով Խորհրդային հայրենիքը, պաշտպանել էր Հայաստանը։ Համոզված էր՝ եթե չպաշտպանես քո հողը, գնչուների նման թափառական կդառնաս, մի օր կձուլվես ու կանհետանաս»,- պատմում են Վարդանի մարտական ընկերները։

