Դատարանն ինչպե՞ս է վճռելու՝ Մովսես Խորենացին առասպելներ օգտագործե՞լ է իր պատմության մեջ, թե ոչ․ Անդրեասյան

«Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից հանելու մասին որևէ խոսք չկա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ ներկայացված դիտարկումները և կարծիքները շրջանառությունից հանելու հիմք չեն պարունակում։

«Դասագիրքը մնում է շրջանառության մեջ, և դրանում պետք է կարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացված են, և մենք բոլոր անհրաժեշտ փուլերով անցել ենք»,-ասաց Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ գործող դասագրքերում թռուցիկ ուսումնասիրությամբ 180-ից ավելի սխալներ են հայտնաբերվել։

«Դա դասագիրք է, որով տարիներ շարունակ սովորել են մեր դպրոցներում, և ես խոսում եմ գիտական սխալների ու անճշտությունների մասին, հետևաբար, թողնում եմ ձեզ՝ մտածելու, թե այս հանրային աղմուկն ինչքանով է հիմնավոր և ինչքանով է ուղղորդված»,-ասաց նա։

ԿԳՄՍ նախարարության դեմ ներկայացված դատական հայցին անդրադառնալով, Ժաննա Անդրեասյանը նշեց. «Ես ողջունում եմ, իրավական պետություն ենք, ուղղակի ինձ համար մի փոքր բարդ է հասկանալ՝ ինչպես է դատարանը վճռելու՝ Մովսես Խորենացին առասպելներ օգտագործե՞լ է իր պատմության մեջ, թե ոչ, բայց սա արդեն մեր տիրույթում չէ»։