20 տարի առաջ ադրբեջանցին կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին․ փոխվե՞լ է այդ պետության վերաբերմունքը հայի հանդեպ
20 տարի առաջ այս օրը՝ փետրվարի 19-ին, ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով Հունգարիայում սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
Նա փորձել էր ներխուժել նաև մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, բայց նրան չէր հաջողվել:
Հունգարիայում տեղի ունեցած դատավարությանը Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չէր զղջացել, այլև խոստովանել էր, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին, սպանել է միայն նրա հայ լինելու պատճառով։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․
«Այս սարսափելի դեպքից անցել է քսան տարի, այդ ընթացքում Սաֆարովը հետ է ուղարկվել Ադրբեջան, որտեղ հերոսացվել է, թոշակ է ստացել ու բնակարան՝ մատուցած ծառայությունների համար։
Փոխվե՞լ է ադրբեջանական պետության վերաբերմունքը հայի հանդեպ, իհարկե՝ ոչ, Արցախը մեզ օրինակ։ Բայց մենք շատ դժվարությամբ ենք հասկանում կամ հաճախ մոռանում ենք, թե ինչ ռասիստական պետության հետ գործ ունենք:
Ադրբեջանական քարոզչական տելեգրամ ալիքը, որն առնչվում է իրենց ՊՆ-ի հետ, Մարգարյանի մահվան տարելիցի օրը նման գրառում է արել՝ որոշելով մեզ հիշեցնել, թե ով ով է։ Ես սա չեմ մեկնաբանի, իսկ հետևությունները թողնում եմ բոլորիս․․․»,- գրել է ադրբեջանագետը։

