Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին. Հայաստանի ԱԳ փոխնախարար
Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միմյանց սպառազինության վերահսկման և չհարձակվելու վերաբերյալ Ադրբեջանին արված առաջարկների մասին:
«Եթե լինեն համապատասխան դրական արձագանքներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարներին, փոխնախարարն ասաց. «Մենք շարունակում ենք անկեղծորեն հետաքրքրված լինել մեր հարեւանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման եւ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ: Գիտեք, որ հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակը: Ըստ էության, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»:
Հարցին՝ Հայաստանը միացա՞վ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի փաստաթղթերին, որոնք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բերել էր իր հետ Երեւան, Վահան Կոստանյանն արձագանքեց. «Քննարկման փուլում են»:

