Փետրվարին կհայտարարենք ԼՂ տեղահանվածների համար բազմաշերտ ծրագրեր. իրենք կորոշեն՝ որից օգտվել. Գնել Սանոսյան

Միայն բռնի տեղահանվածների համար բնակարան կառուցելը կամ գնելը միգուցե հարցի լուծում չէ, որովհետև հարց է ծագում, թե հետո նրանք այդ համայնքում ինչով պետք է զբաղվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Նոր բնակարանի հետ պետք է նաև որոշակի հողակտոր հատկացնել, որ կարողանան գյուղատնտեսությամբ զբաղվել: Ո՞ր տարածքներում անել, որովհետև բոլոր բնակվայրերում չէ, որ հող կա: Ի՞նչ այլ ծրագրեր անել, որ նրանք կարողանան աշխատել: Մենք ունենք դեպքեր, որ մեր կառուցած դպրոցն իր չափերով ավելի մեծ է, քան տվյալ բնակավայրերում երեխաների քանակը: Այսինքն մտածում ենք՝ ինչպե՞ս անել, որ այդպիսի գյուղերում բնակեցնել, որպեսզի այդ առկա նոր դպրոցը ծառայեցվի նրանց»,-ասաց Սանոսյանը:

Նա շարունակեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախանշել է, որ «հավանաբար փետրվարին մենք կավարտենք այս աշխատանքները և կհայտարարենք այն ծրագրի մասին, որով պատրաստվում ենք իրականացնել. «Այդ ծրագիրը կարող է միայն մեկ ուղղությամբ չլինել, կարող է բազմաշերտ լինել և թողնել, որ մեր հայրենակիցներն իրենք ընտրեն, թե այդ ծրագրերից որից են ուզում օգտվել»: