ԼՂ հարցում ԱՄՆ-ը և Ֆրանսիան մատը մատին չտվեցին, խնդիրը պետք է լուծեին Հայաստանը, ՌԴ-ն և Ադրբեջանը
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, որ ի վերջո հանգեցին ստեղծված իրավիճակին, այդպես էլ պետք է զարգանային։ ԼՂ հարցով պետք է պայմանավորվեին միայն երեք երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը։ Այդ մասին հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը․
«Երբեք առանձնապես չեմ հավատացել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբին, որտեղ, բացի մեզանից, համանախագահներ էին նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Նրանք մատը մատին չտվեցին։ Արդյունքում ամեն ինչ հանգեց եռակողմ համաձայնության, թեև դրան կարելի էր հասնել նաև առանց ռազմական գործողությունների»,- նշել է Կալաշնիկովը։
Պատգամավորը վստահ է, որ Հայաստանին ձեռնտու է «բացվել» հենց հիմա, երբ երկիրը զիջել է Ղարաբաղը, և «հիմա սեղանին բռունցքով խփելն իմաստ չունի»։
«Մենք պետք է առավելագույն օգուտ քաղենք դրանից: Սա վերաբերում է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարիդրացիությանը, նրանք (Հայաստանը-խմբ.) այլ սահմաններ չունեն։ Ո՞ւր պետք է փախչեն։ Ժողովուրդը շատ տաղանդավոր է: Խաղաղության պայմանագիրը, իհարկե, լավ բան է… Թող իրենք որոշեն։ Բայց արժե մտածել և ստեղծել այնպիսի միջանցքներ, որոնք տնտեսապես շահավետ են, այդ թվում՝ հարևանների համար: Իսկ դա ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ մենք կարող ենք նրանց միջոցով միջանցք բացել դեպի հարավ, համաձայնության գալ Վրաստանի հետ։ Ի վերջո, իմ կարծիքով՝ իրավիճակը բավականին բարենպաստ է»,- եզրափակել է Կալաշնիկովը։

