Մահացել է Քուվեյթի էմիրը, հայտնի է նոր էմիրի անունը
86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», Քուվեյթի պետական հեռուստատեսության եթերում այդ մասին հայտնել է էմիրի գրասենյակի հարցերով նախարար Մուհամմեդ Աբդալլահ ալ-Մուբարաք աս-Սաբահը:
«Մենք սգում ենք շաբաթ օրը կյանքից հեռացած Էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի մահը»,- ասել է նախարարը:
Նոյեմբերի վերջին լուր էր տարածվել, որ էմիրը հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով:
Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը ծնվել է 1937 թվականի հունիսի 25-ին Քուվեյթում։ Նա շեյխ Ահմեդ ալ-Սաբահի՝ Քուվեյթի տասներորդ էմիր Ահմեդ I-ի վեցերորդ որդին էր և գահը զբաղեցնում էր 2020 թվականի սեպտեմբերից։
Նրա մահից հետո իշխանությունը կփոխանցվի կրտսեր եղբորը՝ 83-ամյա Միշալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին։

