Անկլավների հարց, այո՛, կա. Նիկոլ Փաշինյան

Անկլավների հարց, այո, կա, բայց ի՞նչ է նշանակում այդ հարցը և որտեղից կա և ինչու կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության պայմանագրի սկզբունքներից մեկն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տրածքների վրա, և երբ ասում ենք Հայաստանի 29 800 քկմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք ԽՍՀՄ ժամանակ պատկանել են Ադրբեջանին և Հայաստանի 29 800 քկմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է շրջափակված Ադրբեջանի տարածքով: Այս հարցը պետք է ինչ-որ ձևով հասցեագրվի: Եթե ես ուզենամ էլ, չեմ կարող ասել, որ նման հարց չկա: Արծվաշենը ինքնիշխան Հայաստանի տարածք է, ես չեմ կարող ուղղակի ասել՝ ՀՀ ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունենք: Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և ԽՍՀՄ քարտեզներով ու որոշումներով դե յուրե գոյություն են ունեցել: Եթե ասենք անկլավի հարց չկա, ուրեմն պետք է ասենք, որ էքսկլավի հարց էլ չկա, Արծվաշենի հարց էլ չկա, բայց երկու հարցն էլ կա: Խաղաղության գործընթացում այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այս խնդրի լուծման մի քանի տարբերակ կա. «Ասենք, մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ այն դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ: Այստեղ բազմաթիվ հարցեր կան: Նախ պետք է այդ էքսկլավի տարածքը գծել, վերահաստատել: Երկրորդ, մենք անմիջական սահման Արծվաշենի հետ չունենք, ո՞նց ենք մեր սահմանից մինչև Արծվաշեն տարածքն անցնելու, համապատասխանաբար Ադրբեջանն էլ իր պարագայում: Այստեղ առաջանում են շատ խնդիրներ:

Այստեղ կարելի է այլ լուծում գտնել, որ այն էքսկլավները, որոնք պարփակված են Հայաստանի տարածքով, սկսում են համարվել դե յուրե ՀՀ տարածք, այն տարածքները, որոնք պարփակված են Ադրբեջանի տարածքով, սկսում են համարվել Ադրբեջանի տարածք: Բայց սա արդեն կոնկրետ պայմանագրի թեմա է, որը պետք է նաև ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվի»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ բանակցություններում եղել են այդ թեմայով քննարկումներ. «Այս պահին այս թեմայով շատ կոնկրետ, առարկայական պայմանավորվածություն, համաձայնություն չկա: Եթե մենք գործողություն անելու կլինենք, դուք այդ մասին կիմանաք, մենք կքննարկենք»:

Նա վստահեցրեց, որ այս խնդրի լուծման որևէ տարբերակ չկա, որից բխող զուգահեռ լուծումները տեղում հնարավոր և մտածված չլինեն. «Այս հարցի շուրջ լարվածությունները շատ ավելին են, քան արժի, որ այս խնդրի վերաբերյալ լարվածություն ունենանք»: