Ադրբեջանի ԱԳՆ-ը վերջնագրի ձևով Հայաստանից պահանջում է 8 գյուղ
Ադրբեջանի ԱԳՆ-ը վերջնագրի ձևով Հայաստանից պահանջում է 8 «օկուպացված» գյուղ։ Պահանջը ներկայացված է գերատեսչության հայտարարությունում։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, նոյեմբերի 9-ի առիթով արված հայտարարությունում հավաստիացվում է, որ «Հայաստանը ընտրել է խաղաղության համաձայնագրի բանակցություններին խոչընդոտելու ուղին՝ շարունակելով ռազմաքաղաքական սադրանքները և ականապատումը, նախկինի պես ստեղծում է սպառնալիք խաղաղության գործընթացի, մեր քաղաքացիների կյանքի համար, խանգարում է տարածաշրջանում վերականգնման և վերակառուցման աշխատանքներին։ Հայկական կողմը, ի հեճուկս ստանձնած պարտավորությունների, ոչ միայն Ադրբեջանի տարածքից դուրս չի բերել հայկական զինված ուժերը, որոնք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքն են, այլև շարունակել է նրանց նյութական և ֆինանսական աջակցությունը, չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի և ականների անօրինական առաքումը Ադրբեջանի տարածք։ Հայաստանը նաև Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։
Հիշեցնենք, որ խոսքը 8 այսպես կոչված անկլավային գյուղերի մասին է Տավուշի և Արարատի մարզերում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նախկին խորհրդային սահմանները անկախություն ստացած Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվել են Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքում։ Արդյունքում՝ կան ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական անկլավներ։ Բայց հայկական օկուպացված տարածքների մասին Բաքվում նախընտրում են լռել։

