ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»

ԱՄՆ պետդեպարտամենտում չեն մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Նախիջևան և քննարկումներն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն «համագործակցում է Թուրքիայի կառավարության հետ այս հարցով»։ «Դա այն հարցերից մեկն էր, որոնք պետքարտուղար Բլինքենը քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ՝ Նյու Յորքում անցած ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ։ Մենք նախկինի պես հուսով ենք, որ մեր բոլոր դաշնակիցները և գործընկերները, ներառյալ, իհարկե, Թուրքիան, կկարողանան կառուցողական դեր խաղալ համաձայնագրի կնքման հարցում։ Բայց ես կոնկրետ առաջարկի վերաբերյալ մեկնաբանություններ չունեմ»։