Փաշինյանը ցանկանում է ներքին և արտաքին քաղաքականության մեջ իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության օրվա առթիվ ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում ՌԴ-ի դեմ և չի կարող այլ բան առաջացնել, քան մերժումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։
«Փաշինյանի վերջին հայտարարությունները հաստատում են նախկինում մեր կողմից արված եզրակացությունները, որ Արևմուտքից ոգեշնչված և պաշտոնական Երևանի կողմից հրահրված Հայաստանի և մեր դաշնակցային հարաբերությունների համար կործանարար գործընթացները ոչ թե էպիզոդիկ, այլ համակարգային բնույթ են կրում։
ՀՀ ղեկավարը, փաստորեն, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանին միտումնավոր պատրաստել են Ռուսաստանից շրջվելու գործընթացին։
Քայլերը, որոնք կոչված են ստեղծելու Հայաստանի զարգացման նոր՝ արևմտյան վեկտոր, ոչ համոզիչ կերպով արդարացվում են Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի ենթադրյալ սխալներով։
Միևնույն ժամանակ, մոռացության է մատնվում, որ մեր պետությունները բազմաթիվ համանման շահեր ունեն անվտանգության և զարգացման հարցերում, իսկ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի այլ երկրների նպատակն է ոչ միայն ռազմավարական վնաս հասցնել ՌԴ-ին, այլև ապակայունացնել մեր ընդհանուր Եվրասիական տարածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

