Հունաստանը չի փոխել Թուրքիայի հանդեպ իր ռազմավարությունը. Կիրիակոս Միցոտակիս

Հունաստանը չի փոխել իր ռազմավարությունը Թուրքիայի հանդեպ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ հույն-թուրքական հարաբերությունների մասին խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում իր հանդիպմանն ընդառաջ, տեղեկացրել է Kathimerini-ն։

Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ կապի վերականգնումը նախարարների բանակցությունների և փոխըմբռնման հուշագրերի միջոցով, ինչպես նաև դրական օրակարգի առաջմղումը բազմաթիվ մակարդակներում առաջընթաց է արձանագրում։

«Հունաստանը չի փոխել իր ռազմավարությունը Թուրքիայի հանդեպ։ Իմ մտադրությունն այն է, որպեսզի խոսվի Թուրքիայի հետ և լուծվեն մեր խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա։ Երբ մենք համաձայն չենք, չարժե բանը ծայրահեղության հասցնել»,- նշել է նա։

Նա հասկանալ է տվել, որ ինքնիշխանության հարցերը չեն քննարկվելու բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես նաև այն հարցերը, որոնք վերաբերում են Էգեյան ծովի արևելյան մասի կղզիներին… «Թուրքիան շահագրգռված է Արևմուտքի հետ մերձեցմամբ, իսկ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է Հունաստանի հետ լավ հարաբերությունների միջով։ Դա զենք է, որը մենք ունենք մեր ձեռքում՝ հույն-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար։ Եկեք չսպասենք, որ անցյալի խնդիրները լուծվեն մի ակնթարթում, բայց համաձայնենք, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ արմատական հռետորաբանությունից»,- նշել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք զիջումների հեռանկար հանուն բանակցությունների և որ հարցերում, Միցոտակիսն ասել է, որ բոլորը հասկանում են, որ ոչ մի բանակցությունում ոչ մի կողմ չի կարող  հասնել իր պահանջների 100 տոկոս կատարման։ «Մենք չպետք է քննարկենք ազգային ինքնիշխանության, Էգեյան ծովի արևելյան մասի կղզիների կարգավիճակի և կղզիների հանդեպ ինքնիշխանության իրականացման իրավունքների վերաբերյալ հարցերը»։