Ուկրաինայի ԱԳՆ-ը շտապել է դատապարտել Արցախի նախագահի ընտրությունների անցկացումը
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների վերաբերյալ։
Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ չի ճանաչում, ավելին դատապարտում է նախագահի ընտրությունները։
«Այս, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, և դրանց արդյունքներն առ ոչինչ են։ Ուկրաինան ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,-ասված է Ուկրաինայի ԱԳ նախարարության կայքում։
Հիշեցնենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օրերս այցելել էր Կիև, որտեղ հումանիտար և բարոյական աջակցություն ցուցաբերեց ուկրաինացի ժողովրդին, աղոթեց, հանդիպեց Զելինսկուն և իր տիկնոջը՝ անտեսելով այն ռազմական օգնության մասին, որ «բարեկամ» Ուկրաինան 2020թ․ ցուցաբերել էր Ադրբեջանին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա երեկ է վերադարձել։

