Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Ռանչպար գյուղից էր. նրա երրորդ զավակի ծննդին էին սպասում
Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Արարատի մարզի Ռանչպար գյուղից էր:
NEWS.am-ի հետ զրույցում Ռանչպարի գյուղապետ Վահան Վարդանյանը պատմեց, որ Արսեն Մկրտչյանը 25-օրյա վարժական հավաքի մասնակից էր:
«Արսենը մեկ եղբայր և մեկ քույր ուներ, եղբայրը ՌԴ-ում է ապրում: Ծնողների հետ էր ապրում: Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ, կինը հղի է: Հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում: Համեստ ու հարգանքով տղա էր: Սոցիալապես միջին վիճակում էին գտնվում»,- պատմեց Ռանչպարի գյուղապետը:
ՊՆ-ի վերջին տվյալներով՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:
Ավելի վաղ ՊՆ-ը հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:

