Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբյեկտությունը, բայց գոնե կարող ենք պահպանել Հայաստանի Հանրապետությունը
Հակարիի կամրջի վրա տեղակայված անցակետից առևանգված երեք հայ երիտասարդների պատմությունը դարձյալ կրքեր է բորբոքել: Իրավիճակը, սակայն, չենք կարող օբյեկտիվ գնահատել՝ առանց ռեալիստական մի քանի արձանագրումների.
• ԼՂ-ն այսօր կորցրել է սուբեկտության բոլոր բաղադրիչները: Ստեղծված իրավիճակում նույնիսկ անիմաստ է քննարկել որևէ տարբերակ, որը քաղաքական ինքնավարություն է ենթադրում ԼՂ-ի համար: Կոպիտ ասած, «կարմիր գծեր» սահմանելու ռեսուրս չունենք: Հիմա խոսքը կարող է գնալ ԼՂ-ում հայության կյանքի իրավունքի մասին: Ռուսական կողմի առաջ ուղիղ այս հարցը պետք է ձևակերպել՝ հայության այդ իրավունքը երաշխավորո՞ւմ են, թե՞ պետք է մտածել հումանիտար միջանցքի և մեր հայրենակիցների էվակուացիայի մասին:
• Ռուսաստանին վերագրվող առաջարկությունները շատ վատն են, բայց Բաքվի կողմից ընդունվելու դեպքում՝ գոնե երաշխավորում են Արցախի հայության կյանքի իրավունքը՝ անվտանգության մինիմալ երաշխիքներով: Ռուսական առաջարկները քննադատելը հեշտ է, ընդդիմախոսներն այդ դեպքում թող հրապարակայնացնեն արևմտյան առաջարկությունները, եթե դրանք, իհարկե, ԼՂ ժողովրդի տեղահանության մասին չեն:
• Ժամանակը ու միջազգային համատեքստն աշխատում են մեր դեմ: Եթե հիմա քաղաքական լուծումներ չգտնվեն, ապա երկու- երեք ամիս հետո ավելի ծանր գին ենք վճարելու:
• Ռուսական խաղաղապահ առաքելությունը իր մանդատը շատ անբարեխիղճ է իրականացնում: Այստեղ վիճելու խնդիր չկա: Այնուամենայնիվ, իրականությունից կտրված են ու գռեհիկ մանիպուլյացիա են ԼՂ միջազգային խաղաղապահ առաքելություն հրավիրելու կոչ/ հորդորները. ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն նման որոշում չեն կայացնելու, Ադրբեջանն անգամ չի քննարկելու նման որևէ առաջարկություն, աշխարհում չկա որևէ երկիր(անգամ՝ Ֆրանսիան), որը պատրաստ է կոշտ հակադրության մեջ մտնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ հանուն Հայաստանի, առավել ևս՝ Արցախի ժողովրդի:
• Հայաստանում հնարավոր իշխանափոխությունը գլոբալ հարթության վրա չի փոխելու բանակցային համատեքստը, բայց Հայաստանին կվերադարձնի սուբեկտությունը: Փաշինյանի իշխանությունն ոչ միայն կործանել է Արցախը, այլ քաղաքական կամքի ու օրակարգի բացակայության, պոպուլիզմի ու արկածախնդրության հետևանքով Հայաստանը զրկել է փաստացի սուբեկտությունից՝ նրան վերածելով բանակցությունների օբյեկտի:
Փաշինյանի հեռացումն այլևս չի փրկելու Արցախի սուբյեկտությունը, բայց գոնե կարող ենք պահպանել Հայաստանի Հանրապետությունը: Իհարկե, եթե չհապաղեք։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից

