Լաչինի միջանցքը Զանգեզուրի միջանցքի դիմաց. Սերգեյ Մելքոնյան

«Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեղեկատվական դաշտում ակտիվորեն առաջ է քաշվում այն թեզը, թե «միջանցքի տրամաբանությունը պետք է նույնը լինի Լաչինի ճանապարհի և Սյունիքով անցնող հաղորդակցությունների համար»։ Այսինքն՝ «եթե Հայաստանը ցանկանում է, որ Զանգեզուրի միջանցք չլինի և հաղորդակցության գոտիները մնան Երևանի վերահսկողության տակ, ապա Լաչինի միջանցքը նույնպես պետք է լինի Բաքվի վերահսկողության տակ»։

Սա Ադրբեջանի հիմնական փաստարկն է՝ եթե Լաչինի միջանցքը Բաքվի վերահսկողության տակ չէ, ապա Զանգեզուրի միջանցքն էլ չպետք է լինի Երևանի վերահսկողության տակ։

Սակայն այս տրամաբանական մտավարժանքն ունի մեկ շատ թույլ կողմ, որին ուշադրություն չի դարձվում։ Եթե հաղորդակցությունների հետ կապված մոտեցումը պետք է լինի նույնական, ապա նույնը պետք է լինեն նաև Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի կարգավիճակները։

Լաչինի միջանցքն անհրաժեշտ է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հաղորդակցության համար։ «Զանգեզուրի միջանցքն» անհրաժեշտ է Ադրբեջանի և Նախիջևանի հաղորդակցության համար։ Եթե Ադրբեջանը և Հայաստանում ու Ռուսաստանում նրա լոբբիստները պաշտպանում են Բաքվի ինքնիշխանությունը Լաչինի միջանցքի նկատմամբ, որովհետև «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս», ապա Զանգեզուրի միջանցքն էլ Նախիջևանի հետ միասին պետք է լինի Հայաստանի վերահսկողության տակ։

Եվ հակառակը՝ եթե Ադրբեջանը ստանում է «Զանգեզուրի միջանցքը» Նախիջևան մուտք գործելու համար, որտեղ տարածվում է նրա ինքնիշխանությունը, ապա Հայաստանը պետք է ստանա Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար, որի վրա պետք է տարածվի Երևանի ինքնիշխանությունը։

Ի վերջո այս տրամաբանությամբ ցանկացած սցենարով Հայաստանն ստանում է կա՛մ Լեռնային Ղարաբաղը, կա՛մ Նախիջևանը։ Եթե սա ինչ-որ մեկին դուր չի գալիս, ապա պետք չէ Լաչինի միջանցքը կապել «Զանգեզուրի միջանցքի» հետ»։