ԿԽՄԿ-ն տեղեկացրել է, որ Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ:

ԿԽՄԿ-ն այս մասին հայտնել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում, որտեղ ավելի վաղ տեղեկացրել էր, որ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող տղամարդուն ձերբակալման հենց նույն օրն այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնցից մեկը բժիշկ է:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։