Փաշինյանին ընտրեցինք, որ մեր երեխեքի ապագան կառուցեր, ոչ թե գլուխներն ուտեր. անհետ կորած զինծառայողների ծնողերը փակել են Բաղրամյան պողոտան

Էջմիածնի «քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր՝ հուլիսի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի՝ Բաղրամյան 26-ի դիմաց: Հիշեցնենք, որ ժամանակավորապես այս շենք է տեղափոխվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք փակել են Բաղրամյան պողոտան: «3 տարի է` մեզ խաբում են, մենք այս քայլին ստիպված ենք դիմում»,–ասաց ծնողներից մեկը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ: Նրանք բողոքում են, որ իրենց որդիների գործով ոչ մի առաջընթաց չկա:

«Մեզանով է ինքը դարձել վարչապետ, թող գա մեզ լսի, ոչ թե իր էշը առաջ քշի, մեզ Սանամյանը պետք չէ, նա մեզ արդեն հետաքրքիր չէ, մեզ միայն Փաշինյանն է պետք, որովհետև միայն ինքը ունի մեր հարցերի պատասխանը։

Մենք իրեն ընտրել ենք, որ մեր երեխաների ապագան կառուցեր, ոչ թե՝ որ ուտեր մեր երեխաների գլուխը։ Սանամյանը շաբաթը մեկ ընդունում ու հետ է ուղարկում, հետո՞, իր նման սուտասանների արդեն երեք տարի է տեսնում ենք»,-ասաց ծնողներից մեկը:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը հանդիպեց ծնողների հետ՝ առաջարկելով գույքագրել ու առանձնացնել իրենց հարցերը՝ միաժամանակ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպողը ինքը չէ։

Հիշեցնենք, որ նրանք մեկ շաբաթ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով հանդիպում Փաշինյանի հետ: Նրանց խոստացել էին, որ օր կնշանակեն, և հանդիպում կկազմակերպվի վարչապետ Փաշինյանի հետ: Սակայն հանդիպումն մինչ այս պահը չի կազմակերպվել, և ծնողները նորից ոտքի են ելել։

«Խնդրել էին, որ ժամանակ տանք, հիմա անցել է մեկ շաբաթ, պատասխան չկա, էստեղից չենք գնալու, մինչև Նիկոլ Փաշինյանը մեզ չընդունի, պետք լինի՝ 10 օր էլ կսպասենք»,- ասաց ծնողներից մեկը։

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի, սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ և անհետ կորել: