Ինչու է շտապում Ալիև-Փաշինյան զույգը․ ինչ պլաններ ունի Էրդողանը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Միջազգայնագետի հետ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին առ այն, որ գնահատում է պաշտոնական Երևանի կողմից բանակցություններում դրական տեղաշարժը և հույս հայտնել, որ առաջիկայում այդ ամենը կամրագրվի փաստաթղթղով․

«Եթե անցած տարվա հոկտեմբերին նա ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, ապա այս տարվա մայիսին ավելի հեռուն գնաց` պաշտոնապես ճանաչելով Ադրբեջանի տարածքի, այդ թվում՝ Ղարաբաղի և անկլավ գյուղերի պարամետրերը։ Սա պետք է դիտարկել որպես դրական փաստ։ Հիմա եկել է ժամանակը, որ այս նույն խոսքերը ամրագրվեն թղթի վրա, ստորագրություններ դրվեն, հարաբերություններ հաստատվեն։ Ամեն դեպքում մենք կշարունակենք մեր ջանքերն այս ուղղությամբ», – ընդգծել է Ալիևը։

Քննարկել ենք մեր տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը և բանակցային գործընթացը, որը կարող է ավարտվել հոկտեմբերին իսպանական Գրանադա քաղաքում հերթական հակահայկական փաստաթղթի ստորագրմամբ։ Ինչու են շտապում կողմերը, քանզի ինչպես ավելի վաղ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էր նշել, և այսօր արդեն Փաշինյանը հաստատեց, հուլիսի 21-ին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի է ունենալու ավելի շուտ՝ հուլիսի 15-ին, ինչո՞վ է պայմանավորված այդ ամենը։

Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման թեմայի մասին բարձրաձայնելուն. «Ըստ պայմանագրի՝ ԼՂ-ում որոշված վայրերում ՌԴ խաղաղապահները մնալու են մինչև 2025թ., իսկ 2025-ին ՌԴ-ն լքելու է այդ վայրերը… Հավատում եմ, որ ՌԴ-ն հավատարիմ է մնալու այդ պայմանագրին»։ Ըստ վերլուծաբանի՝ Թուրքիան շարունակում է իր առևտրային քաղաքականությունը և հատկապես Ռուսաստանի հետ․ դրանով է նաև պայմանավորված Թուրքիայի կողմից կրկին իր հարաբերությունների սերտացումը Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ։

Անդրանիկ Հովհաննիսյանը խոսեց նաև Վարդան Օսկանյանի առաջարկի, հայաստանյան տարբեր նախաձեռնությունների, մասնավորապես «ՀայաՔվեի» մասին և առաջարկեց ստեղծված օրհասական վիճակից հնարավոր ելքերի տեսլականը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում