Քիմիական զենքի կիրառումը միջազգային օրենքների ակնհայտ խախտում է. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Նշելով, որ Իրանը քիմիական զենքի զոհ է, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին հայտարարել է, նման զենքի կիրառումը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ Գրում է ParsToday-ը:

Սիրիայում քիմիական զենքի կիրառման թեմայով ԱԽ նիստում ունեցած ելույթում, Իրվանին հայտարարել է. «Իրանը ևս մեկ անգամ դատապարտում է քիմիական զենքի կիրառումը որևէ մեկի կողմից, ցանկացած վայրում և ցանկացած հանգամանքներում»։
Նա ընդգծել է, որ նման մահաբեր զենքի կիրառումը միջազգային օրենքների բացահայտ խախտում է, հանցագործություն մարդկության դեմ և լուրջ սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Իրվանին ասել է. «1987 թվականի հունիսի 28-ին Իրանի Սարդաշտ քաղաքը ենթարկվեց  քիմիական հարձակման, որը հանգեցրեց բազմաթիվ անմեղ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների տառապանքներին և մահվանը»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ որոշ արևմտյան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, պատասխանատու են Իրանի դեմ  պատերազմի ժամանակ Սադամի ռեժիմին աջակցելու համար։