«Այսօր հետևողականորեն և ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգևոր-մշակութային ողնաշարը». Շարմազանով
Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։ Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո և վասն հայրենյաց:
Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:
Այսօր հետևողականորեն և ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգևոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները և ջնջելով ինստիտուցիոնալ հիշողությունը:
Այս ամենը փաթեթավորվում և քողարկվում է «մոդայիկ» ձևակերպումներով ու կեղծ «մարդասիրական» գաղափարներով: Բանը հասել է նրան, որ բաց տեքստով մեզ կոչ են անում հրաժարվել կարծրատիպերից, քանդել այդ կարծրատիպերը:
Ռազմավարական պաշտոններ զբաղեցնող անձինք հայրենասիրությունը կենաց են որակում, պատմությունն էլ՝ ոչ էական առարկա:
Դժվար ժամանակներ ենք ապրում: Բայց սա էլ կանցնի, համոզված եմ: Որովհետև Վարդանանց պատերազմից մինչև Արցախյան գոյամարտ, Ապրիլյան պատերազմ ազգի գոյության շարունակականության գինը շատ թանկ է եղել:
Եւ մամոնան ու առանց իզմերի գոյությունը դատապարտված են, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված և հայրենիք:
Լույս շիրիմներիդ և խաղաղություն հոգիներիդ, տղերք:
Էդուարդ Շարմազանովի Ֆեյսբուքյան էջից

