«Ֆրանսիական ինտերիեր. նրբաճաշակության դարաշրջան» ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում

Հայաստանի Ազգային պատկերասրահում հունիսի 9-ին կբացվի «Ֆրանսիական ինտերիեր. նրբաճաշակության դարաշրջան» ցուցահանդեսը, որը ներկայացնում է 18-19-րդ դարերի ֆրանսիական դեկորատիվ-կիրառական արվեստը:

Ռոկոկո ոճի յուրօրինակ նմուշներն ի ցույց են դնում ֆրանսիական արքունիքի հարստությունն ու շքեղությունը։ Ռոկոկոյի գաղափարական հիմքն են հավերժ երիտասարդությունն ու գեղեցկությունը, փախուստն իրականությունից և հովվերգականությունը։ Ռոկոկոյին, կամ «Լյուդովիկոս XV-ի ոճին», բնորոշ են զարդերի մանրակրկիտ մշակվածությունը, ընդհանրացված ուրվագծերն ու շքեղությունը։

Վերսալյան պալատական կյանքն իր ընդունելություններով և պերճաշուք հանդիսություններով թելադրում էր ինտերիերի նմուշների բնույթը: Պալատական սրահներում տեղադրված կահույքը ստեղծում էր ջերմ միջավայր մտերմիկ զրույցների և երաժշտության ներքո թեյախմության համար։ Թեմատիկ առումով գերիշխում էին հովվերգական տեսարանները, ուր գեղեցիկ բնապատկերի ֆոնին կերպարները տրվում են սիրո վայելքներին։

ՀԱՊ-ի հաղորդմամբ, ցուցահանդեսում ներկայացված են 18–19-րդ դդ․ ֆրանսիական պահարաններ, կոմոդներ, բուխարու ժամացույցներ, ինչպես նաև Սևրի ճենապակու գործարանի ռոկոկո ոճի արտադրանքի նմուշներ: Համադրողներ` Սաթենիկ Չուգասզյան, Լիլիթ Աղաբեկյան: