Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Ադրբեջանի մշակութային անհանդուրժողականության և վանդալիզմի հերթական դրսևորումը Բերձորում։ Տեղեկանում ենք Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»-ից։

Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։

Նշվում է, որ Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում Քաշաթաղի շրջանի տարածքում հերոսաբար զոհված հայորդիներին:

Հուշահամալիրի երեք պատերին հերոսների անուններն են փորագրված: Փառքի հուշահամալիրն ընդգրկում է երեք խաչքար: Մեկը նվիրված է «Հատուկ գնդին»: Մյուսը նվիրված է Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին և երրորդը՝ Վազգեն Սարգսյանին:

Արդեն որերորդ դեպքն է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններ կամ հուշահամալիր։