Պատերազմից 2,5 տարի անց մայրը Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը (տեսանյութ)

Պատերազմից 2,5 տարի անց ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանի մայրը Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը։ Այս մասին տեղեկացրել է Blognews.am-ի խմբագիր Արամ Գևորգյանը։

«Էրեխես գել ու գազանի բաժին չէր դարձել, այլ երկոտանի կենդանիների՝ մարդկանց ձեռքում էր հայտնվել»,-ասում է տիկին Ալինան Արամ Գևորգյանի հրապարակած տեսանյութում։

Վ. Խաչատրյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին Հադրութի Վանք գյուղի մոտ։ 2021-ի հուլիսին հուղարկավորվել էր Վահագնի մասունքը՝ գլուխը։

«Երկուշաբթի օրը ծնողները գնում են տեսնում, որ որդու մարմինը Մեծամորի դիահերձարանում էր։ Ամբողջությամբ ճանաչելի, այնքան ճանաչելի, որ դաջվածքն անգամ հնարավոր էր կարդալ։ Ստացվում է, որ երկուսուկես տարի տղայի մարմինը մնացել է սառնարանում, ծնողներին տեղյակ չեն պահել»,-պատմում է Ա. Գևորգյանը։

Վահագնի մայրը՝ տիկին Ալինան ասում է՝ երազում էր որդու մարմինը գտնելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում