Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը չի պատրաստվում ներգրավվել. Ա․ Միրզոյան

Լաչինի միջանցքում սահմակետեր տեղադրելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ կամ առաջարկներ հնչել են, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ: Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Լաչինի ճանապարհին վերահսկողության հաստատման վերաբերյալ առաջարկներին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Լաչինի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել, և պայմանավորվածություն է ձեռք է բերվել, և այդ պայմանավորվածությունը և կարգավորումը հանրահայտ է: Այդ պայմանավորվածությունն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել: Ավելին՝ մենք կարծում ենք, որ բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները, և դա վերաբերում է ոչ միայն Լաչինի միջանցքի պայմանավորվածություններին, պետք է անխափան կերպով և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ:

Այն, ինչ Ադրբեջանն արել է և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է, և սա հավաստվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված միջանկյալ վճռով, և պետք է շուտափույթ կերպով վերացվի: Մնացած ամեն ինչ, որը վերաբերում է և կարող է վերաբերի ԼՂ ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ մեխանիզմում, ֆորմատում»,- ասաց Արարատ Միրզոյանը: