«Պարոն Աջապահյան, հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք». ՔՊ-ական պատգամավորը՝ Շիրակի թեմի առաջնորդին

«Պարոն Աջապահյան, Ձեր տեղը եկեղեցում է, ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ ձեր խուսույթը բացարձակ քաղաքական լինելուց զատ կլինի նաև հոգևոր: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը՝ նկատի ունենալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Պալյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի անցած շաբաթվա ելույթը, թե. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. և դա համաձայն քրիստոնեական տեսության»։

Նա խոսքով՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հնչեցնում է վիրավորական արտահայտություններ երկրի ղեկավարի հասցեին՝ նշելով, որ այս իշխանությունները պատիժ են և երկիրը գցել են անդունդի մեջ.

«Եվ ավելացնում է նաև, թե նախկին իշխանությունները ևս Աստծուց էին և եկեղեցին հաշտ էր նրանց հետ, Աջապահյանը մի բան է մոռանում՝ նախկին իշանություններն ընտրված չեն եղել, հետևաբար չէին կարող Աստծուց լինել:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով, քաղաքական կեցվածքով, ով առիթը բաց չի թողնում քաղաքական խոսույթով քննադատել ընտրված իշխանություններին, արդեն քանի օր է՝ նորից քաղաքական խոսույթով քննադատում է վարչապետի հայտարարությունը»: