Լատվիան հայտարարել է իր «Ստինգեր» ՀՕՊ համակարգերն ամբողջությամբ Ուկրաինային փոխանցելու պատրաստակամության մասին
Ռամշտայնում կայացած հանդիպման ժամանակ Լատվիայի պաշտպանության նախարար Ինարա Մուրնիեցեն հայտարարել է լատվիական կողմին հասանելի բոլոր շարժական «Ստինգեր» հակաօդային պաշտպանության համակարգերը Կիև փոխանցելու որոշման մասին։
«Լատվիան պատասխանել է ՀՕՊ համակարգերի մատակարարման Ուկրաինայի խնդրանքին և որոշել է Ուկրաինային փոխանցել «Ստինգեր» հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը, որոնք մենք դեռ ունենք: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դրանք հնարավորինս արագ հասցնենք Ուկրաինա», – նրա խոսքերը մեջբերել է Страна.ua-ն:
Մուրնիեցեն հավելել է, որ Լատվիան շարունակում է զբաղվել ուկրաինացի զինվորականների պատրաստմամբ և ուսուցմամբ:
Ուրբաթ օրը Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում տեղի է ունեցել Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի նիստը։ Հանդիպումը նախագահել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլին:

