Մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով, և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով․ Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց ԼՂ գազի մատակարարման 13-րդ անջատումով: Այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրան նախորդեց ԼՂ-ի էթնիկ  զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթը, որը այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել: Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող  էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար-հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետևանքով  հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ: Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է: Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների  և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել,  դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հայկական հինավուրց կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ այս գործողությունները ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով  գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։

«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով, և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով:

Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից  պահանջում են ապահովել բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր:

Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում և Հայաստանի կառավարությանը  պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական ու դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,-ընդգծեց Փաշինյանը: