Ադրբեջանի պետական քարոզչությունը ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում. Փաշինյան

«Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին հրապարակած որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ դրա հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակը մնում է լարված:
Նրա խոսքով՝ շփման գծում նկատվում է իրավիճակը ռազմական առումով սրելու կոնկրետ գործողություններ, որի վերջին աղաղակող դրսևորումը ԼՂ ոստիկանության երեք աշխատակիցների սպանությունն էր ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից:

«Հերթական այս միջադեպը տեղի է ուենցել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում: Կարևոր է արձանագրել, որ ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 6-ին տարածած հայտարարության մեջ հստակ արձանագրվել է, որ միջադեպի նախաձեռնողը ադրբեջանական կողմն է: ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու համար։

Այս առումով, կարծում եմ, հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ-ի ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում։ Ինչպես  հիշում եք՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր փակված ճանապարհը չէ միայն, այլև՝ 5 կմ լայնության տարածք անվտանգության գոտի, հետևաբար, մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացրած  սպանությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եռակի խախտում է. խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև՝  Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին», – հայտարարեց Փաշինյանը։

«Ադրբեջանի պետական և մերձպետական քարոզչությունը տևական ժամանակ ԼՂ-ի նկատմամբ լայնածավալ հարձակման լրատվական ֆոն է ստեղծում և լարվածության միտումները տեսանելի են նաև գետնի վրա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝  հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություն է տեսնում:

Փաշինյանն ասաց, թե կարևոր ու անհետաձգելի է համարում, որ Հայաստանը միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ. «Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է, այս մասին ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ», – նշեց նա։

Վարչապետը նշեց նաև, որ  շարունակվում են աշխատանքները Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ. «Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի և որ ՀՀ-ից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում։ Այս պնդումներն անհիմն են, Ադրբեջանը փորձում է  դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետևաբար, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը նաև այս առումով է դառնում անրաժեշտություն», – ասաց Նիկոլ Փաշինյանը։