Իրանի դերակատարությունը․ ինչ է սպասում Արցախին և Հայաստանին (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը:
«Ամեն դեպքում պարտավոր ենք ճիշտ գնահատականներ տալ։ Եթե Իրանի քայլերը հայանպաստ են, ապա միայն այն պատճառով, որ դրանք համապատասխանում են Իրանի շահերին։ Թող տարօրինակ չհնչի, բայց իմ գնահատականը մի քիչ տարբերվում է․ դա Իրանի ինչ-որ հայանպաստ մտադրության, քաղաքականության, դա հայի պաշտպանվածության, ապահովության, և այլն և այլն երաշխիք հանդիսանալու ցանկություն չէ, դա թուրքերի նկատմամբ ոչ բարենպաստ վերաբերմունքի արտահայտություն է», – LIVEnews.am կայքի «Մտորենք միասին հաղորդաշարի տաղավարում ընդգծեց վերլուծաբանը՝ անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի՝ Կապանում արած հայտարարություններին։
Վերլուծաբանը մանրակրկիտ վերլուծության ենթարկեց Իրանի Իսլամական Հանրապետության վերջին շրջանի քայլերն ու գործունեությունը՝ մասնավորապես կարևորելով Իրանի զորավարժությունները հյուսիս-արևելյան հատվածում և այսօր արդեն՝ հյուսիս-արևմտյան սահմանին։
Ինչ վերաբերում է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության բացման մտադրությանը՝ Սերգեյ Շաքարյանցը մեկնաբանեց, որ Թուրքիան տեսնելով, թե Իրանի խոսքերը գործ են դառնում, շտապում է քայլեր ձեռնարկել՝ վախենալով, որ հանկարծ Իրանը Ղարաբաղ չմտնի, իսկ հարցի նման լուծում կարող է լինել․ «Ենթադրենք իրանական զորքերը չեն մտնում այսպես կոչված ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի, բայց մտնում են էն տարածքը, որտեղ ժամանակին նստեցրել են իրանական սատրապին, որը կոչվել է Ղարաբաղի խան, չմոռանանք, որ իրանական են»։
Խոսելով Արցախի հետագա կարգավիճակի մասին՝ վերլուծաբանը կարևորեց Գյուլիստանի կամ Թուրքմենչայի պայմանագրերը, որոնք Իրանի հետ են, ոչ թե Ադրբեջանի կամ Հայաստանի։
Խոսելով Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցի հրապարակած բացառիկ ձայնագրության մասին, որտեղ մի շարք բացահայտումներ են արվում 44-օրյա պատերազմի և ադրբեջանական զորքերի խնդիրների վերաբերյալ՝ բանախոսը վրդովմունք հայտնեց, թե որքան կարող է ստախոս լինել այս իշխանությունը։ Սրանք հերթական ապացույցն են, որ մեր բանակը եղել է լավ զինված և մարտունակ, և ինչպես ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան է փաստում, 30 տարում հայկական բանակը այնքան հզոր է դարձել՝ զարգացած հրետանային համակարգով, դիպուկահարների պրոֆեսիոնալ դպրոցներով և այլն, որ իրենք ունակ չեն առանց հավելյալ օժանդակության՝ դիմակայել հայկական բանակին։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական գործընթացներին՝ Սերգեյ Շաքարյանցն ընդգծեց, որ այսօր տեղի է ունենում Արևելքի ռազմավարական ռևանշը, իսկ Արևմուտքը կործանվում է․ «Մենք այսօր ականատեսն ենք Արևելքի ռազմավարական ռևանշին, այսօր Իրանը Արևելքի ռևանշի սուր է, ուղղված է կոնկրետ սիոնիզմի և պանթյուրքիզմի դեմ, և դա այսօր իրականանում է նաև Սյունիքի մարզում, վաղը դա կարող է տեղի ունենալ Նախիջևանի մարզում, Բաքվում, Թալիշում, Թիֆլիսում՝ վերջիվերջո», – հավելեց Շաքարյանցը։
Մանրամասները՝ տեսանյութում

