Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը երրորդ անգամ հետաձգվեց․ առանցքային վկան չէր ներկայացել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստերն արդեն երրորդ անգամ հետաձգվում են՝ գործով առանցքային վկայի՝ Սևակ Քոչարյանի չներկայանալու պատճառով։
Հենց Սևակ Քոչարյանի հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործը, որը նախաքննության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է, սակայն դատարան չի ներկայանում, և արդեն երրորդ դատական նիստը հետաձգվում է նրա պատճառով։ Դատակոչված հաջորդ վկան՝ Եղիշե Վարդանյանը, ներկայացել էր այսօրվա նիստին, սակայն հարցաքննել չի հաջողվում, քանի որ Սևակ Քոչարյանն արդեն ցուցմունք տվել է դատարանում, բայց հարցաքննությունը դեռևս չի ավարտվել, կողմերը և դատարանը պետք է հարցեր ուղղեն առանցքային վկային։
Դատարանը կրկին հետաձգեց դատական նիստը՝ մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 14.30-ը։
Պաշտպանության կողմը Սևակ Քոչարյանի գործողություններում դիտավորություն է տեսնում։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը նշեց․ «Մարդիկ հասկացել են, որ այս խուսափողական վարքագծով կարող են ձգձգել»,- նշեց Մակինյանը՝ հավելելով, որ վկայի՝ դատարան չներկայանալն ուղիղ ցուցիչ է՝ գործի կեղծ, շինծու լինելու մասին։
Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի՝ մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

