Բաց տեքստով խոսում են, որ Արցախում դադարեցվում է գազմատակարարումը Հայաստանից, իսկ խողովակը միացվում է ադրբեջանական գազատրանսպորտային համակարգին
Ադրբեջանական սոցմեդիան արդեն տևական ժամանակ է քննարկում է երկրի մաքսային ծառայությունում տեղի ունեցող իրադարձությունները՝ գեներալների ձերբակալություններ, պետի պաշտոնանկություն: Հարևան երկրի իշխանական համակարգում դիտարկվող տեկտոնիկ տեղաշարժերը ավելի ու ավելի հստակ են դարձնում այսպես կոչված հայկական և նախիջևանյան կլանների ազդեցության և իշխանական կշռի անկումը, փոխարենը ամրապնդվում և աճում է Փաշաևների ազդեցությունը: Վերջին օրերին Իլհամ Ալիևին մոտ կանգնած աղբյուրներից կազմակերպվեց տեղեկատվական արտահոսք, թե առաջիկա ամիսներին սպասվում է կառավարության հրաժարականը: Հետաքրքիր է, որ կառավարության երիտասարդացումը և թարմացումը ի հաշիվ արտերկրի բուհերն ավարտած կադրերի, շրջանցելու է ուժային բլոկը բացի պաշտպանության նախարարությունից, որի ներկայիս ղեկավար Զաքիր Հասանովը աշնանը կլքի իր պաշտոնը: Հատկանշական է, որ ներքաղաքական գործընթացները ադրբեջանական սոցմեդիան քննարկում է առավելապես հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստում:
Այս ամենի մասին ավելի հանգամանալից ու կանոնավոր պարբերականությամբ անդրադարձները կներկայացնենք առանձին գրառումներով առաջիկա օրերին: Իսկ մինչ այդ մի քանի մտահոգող տեղեկություններ: Մեկ շաբաթով դադարեցվում է Արցախի գազամատակարարումը՝ մինչև հուլիսի 5: Առաջին դեպքը չէ, բայց… Հաղորդումներ կան, որ անջատումը կապ ունի Լաչինի միջանցքի ներկա եթուղու կանխատեսվող մոտալուտ փոփոխության հետ: Ըստ որում, տեղեկատվությունը ուղեկցվում է հաղորդագրությամբ, թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել Ստեփանակերտի/Խանքենդիի հայկական բնակչության գազամատակարարումը: Սոցմեդիայի դաշտում բաց տեքստով խոսում են, որ դադարեցվում է գազմատակարարումը Հայաստանից, իսկ խողովակը միացվում է ադրբեջանական գազատրանսպորտային համակարգին: Մտահոգիչ բազմաթիվ այլ տեղեկություններ՝ Լաչինում կառուցվող մաքսակետ, Արցախի տարածքից հայկական զինտեխնիկայի դուրսբերում մինչև սեպտեմբեր, և այլն: Հայկական պաշտոնական աղբյուրների և լրատվական դաշտի բացառիկ անտարբերությունը, սոցմեդիայում անկապ թեմաների քննարկումներն այս համատեքստում այլևս ոչ թե զարմացնում, այլ ուղղակի ապշեցնում է:
Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից

