Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլ ուղի չկա. Լավրով
Կասկած չկա, որ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ է շարժվում, միգուցե ցանկալի էր, որ տեմպերն ավելի արագ լինեն, սակայն գործընթացը գնում է, ձեռք են բերվում էական, առայժմ միջանկյալ, բայց դրական արդյունքներ:
«Իհարկե, կողմերն ունեն իրենց սպեցիֆիկ տեսլականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են այն հարցում, թե ինչպես աշխատել տվյալ փուլում»,- ասել է Լավրովը։ Նա ընդգծել է՝ կողմերը շատ հստակ գիտակցում են, որ երեք եռակողմ հայտարարությունները համարվում են ճանապարհային քարտեզներ և դրանցով բոլորը պետք է առաջնորդվեն:
Լավրովը խոսել է նաև սահմանազատման մասին՝ շեշտելով, որ Մոսկվան պատրաստ է ոչ միայն խորհրդատվական, այլև քարտեզագրական աջակցություն ցուցաբերել այս գործընթացին:
Նա ընդգծել է․ «Վստահ եմ, որ հարաբերությունների ամբողջական կարգավորումից բացի այլ ուղի գոյություն չունի։ Այն, ինչ մենք անվանում ենք խաղաղության պայմանագիր, հիմնվում է Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկների և ի պատասխան Հայաստանի կողմից ներկայացված սեփական տեսլականի վրա: Հաշվի առնելով այս երկու փաստաթղթերը՝ ընթանում է գործընթաց, որին մենք պատրաստ ենք մասնակցել միջնորդի, խորհրդատուի և աջակցող երկրի դերում»,- եզրափակել է Լավրովը:
Հիշեցնենք, hունիսի 8-9-ը աշխատանքային այցով Երևանում է գտնվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել երկու երկրների՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել է մամուլի ասուլիսը։ Այսօր Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Ցեղասպանության զոհերի անմահ կրակի մոտ։

