Ռուսական գազի էմբարգոն չի քննարկվում․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպային ռուսական գազի մատակարարման էմբարգո սահմանելու հարցը կարող է քննարկումների առարկա դառնալ Ուկրաինայի խնդրով պատժամիջոցների շրջանակներում, բայց այսօրվա դրությամբ այն չի քննարկում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։
«Այդ հարցը կարող է հայտնվել բանակցությունների սեղանին, բայց ոչ այսօր: Ածխի և նավթի շուրջ արդեն բանակցություններ վարվում են, բայց գազի շուրջ՝ դեռ ոչ: Մենք գիտենք, թե ինչպիսի հսկայական դժվարություններ են դա առաջացնում: Ուստի արդեն երկար տարիներ դուք լսում ենք, որ ես խոսում եմ Եվրոպայի էներգետիկական սուվերենության մասին»,- Corriere della Sera իտալական թերթին ասել է Մակրոնը:
«Ամեն օր, երբ Ռուսաստանը որոշում է անցնել նոր ռազմական, դիվանագիտական կամ տակտիկական մակարդակի, նվազեցնում է նորմալ կյանքի վերադառնալու իր շանսերը և նվազեցնում հաստատուն խաղաղություն կառուցելու մեր ունակությունը»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Արևմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ: Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արևմուտքի պատժամիջոցները շատ լուրջ են, Ռուսաստանը դրանց վաղօրոք է պատրաստվել: Նա հավելել է, որ դրանց հարցում պահանջվում է վերլուծություն և գերատեսչությունների համակարգում՝ Ռուսաստանի շահերին համապատասխանող պատասխան միջոցներ մշակելու համար:

