Իսրայելը սահմանափակել է հայ ուխտավոր–հավատացյալների մուտքը Սուրբ Հարության տաճար և մասնակցությունը «Լույսի» հոգևոր արարողությանը

Իսրայելը սահմանափակել է հայ ուխտավոր–հավատացյալների մուտքը Սուրբ Հարության տաճար և մասնակցությունը «Լույսի» հոգևոր արարողությանը։  Հայտարարել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը։

Հայ եկեղեցին Իսրայելի ոստիկանությունից պահանջում է չեղարկել սահմանափակումների մասին որոշումը։

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ Իսրայելի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Պատրիարքության ներկայացուցիչներին ասել են, որ արարողությանը մասնակցելու իրավունք է տրվում ընդամենը 1000 ուխտավորների, որոնցից միայն 200-ը պետք է լինեն հայեր։

Կորյուն վարդապետը նշել է, որ ստիպված է սույն հայտարարությունը հրապարակել` հավատացյալներին տեղեկացնելու համար այն սահմանափակումների մասին։

Իսրայելի ոստիկանությունը սահմանափակումներ է մտցրել նաև այլ ազգերերի հավատացյալների նկատմամբ։

Հունական ուղղափառ պատրիարքարանն էլ իր հերթին հայտարարել է, որ չի ենթարկվի Իսրայելի ոստիկանության հրամաններին և չի սահմանափակի հավատացյալների մուտքը «Լույսի» հոգևոր արարողությանը:

Իսրայելի ոստիկանության հայտարարության համաձայն՝ ապրիլի 23-ին Տիրոջ Գերեզմանի տաճար մտնել թույլատրվում է միայն հազար մարդու, ևս 500 մարդ կարող են հետևել արարողությանը եկեղեցու պատերից դուրս:

Նման սահմանափակում քրիստոնյաներին ներկայացվել է առաջին անգամ։