Ռուսաստանը ժամանակավոր արգելք է սահմանել ԵԱՏՄ երկրներ հացահատիկ արտահանելու վրա

ՌԴ Մաքսային ենթահանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրներ հացահատիկային մշակաբույսեր արտահանելու ժամանակավոր արգելքի որոշմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ համապատասխան առաջարկը ստացվել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից, իսկ ենթահանձնաժողովի որոշումը համաձայնեցված է առաջին վարչապետ Անդրեյ Բելոուսովի կողմից։

«Սահմանափակումը ժամանակավոր է և գործելու է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը` ցորենի, աշորայի, գարու և եգիպտացորենի վրա։ Բացառություն է նախատեսված ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամարդած արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ ԵԱՏՄ սահմաններից դուրս հացահատիկի արտահանումն արդեն իսկ սահմանափակված էր սակագնային քվոտաներով և արտահանման տուրքերով, որոնք կիրառվել էին ներքին շուկայում գների կայունացման համար։

ՌԴ գյուղատնտեսության նախարարության տվյալներով` ներկա պահին Ռուսաստանում հացահատիկով ապահովումը գերազանցում է 150%–ը։

«Միևնույն ժամանակ, արտահանման ժամանակավոր արգելքը թույլ կտա կանխել գյուղատնտեսական արտադրանքի վերավաճառքը, հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ երկրներն ընթացիկ սեզոնում արդեն իսկ իրականացրել են իրենց անհրաժեշտ ծավալների գնումները մաքսատուրքից ազատված ռեժիմում», – նշել են տնտեսական զարգացման նախարարությունում։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: