Իրանն ու Կատարը երկու երկրները միմյանց կապող ստորջրյա թունել են կառուցելու

Կատարի էմիր շեյխ Թամիմ բըն Համադ Ալ-Թանին և Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին Դոհայում քննարկել են տարածաշրջանում կայունության ապահովման խնդիրը և Վիեննայի բանակցությունների ընթացքը: Երկու առաջնորդները տարբեր ոլորտներին առնչվող մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել։ Այս մասին հայտնում է regionmonitor.com կայքը։

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Կատարի Էմիրը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը: Կողմերը նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրներ, մասնավորապես Պաղեստինի խնդիրը:

«Մենք ևս մեկ անգամ կրկնել ենք, որ երկխոսությունը հակասությունների լուծման և մարտահրավերներին դիմակայելու համար լավագույն միջոցն է»,- ավելացրել է Կատարի Էմիրը:

Ինչ վերաբերում է Վիեննայի բանակցությունների, ապա շեյխ Ալ-Թանին արտահայտել է Կատարի պատրաստակամությունը աջակցել կողմերին համաձայնության հասնելու համար:

Իր հերթին Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և այս համատեքստում  իր առաջին այցը Դոհա  կարևոր քայլ է համարել:

Անդրադառնալով միջուկային բանակցություններին՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնեն իր երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, որպեսզի կարողանան բոլորի շահերից բխող համաձայնագիր ստորագրել:

Նշենք, որ Իրանի նախագահը Դոհա էր ժամանել երկուշաբթի Կատարի էմիրի պաշտոնական հրավերով: Հաղորդվում է նաև, որ այսօր Ռայիսին մասնակցելու է Գազ արտահանող երկրների վեցերորդ գագաթաժողովին:

Ուշագրավ է, որ ավելի վաղ Իրանի ճանապարհների և տրանսպորտի նախարար Ռոստամ Ղասեմիի պետական հեռուստատեսության հետ հարցազրույցում հայտնել էր, որ  երկու երկրների միջև չորս համաձայնագիր է ստորագրվելու։ Դրանցից ամենակարևորը Իրանը և Կատարը ստորջրյա թունելի միջոցով միմյանց միացնելու ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումն է:

Մյուս համաձայնագրերից երկուսը վերաբերում են նավագնացությանը և ծովային առևտրի խթանմանը, իսկ չորրորդը վերաբերում է երկու երկրների միջև օդային փոխադրումների բարելավմանը: