Գերմանիայում բողոքի ցույցեր են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ

Տասնյակ հազարավոր մարդիկ երկուշաբթի՝ հունվարի 3-ի երեկոյան ամբողջ Գերմանիայում դուրս են եկել փողոց։ Նրանք բողոքում են իշխանությունների սահմանափակումների դեմ, որոնք ընդունվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար, տեղեկացնում է «Немецкая волна»-ն։

Ոստիկանությունը միջամտել է իրավիճակին հիմնականում այն ժամանակ, երբ բողոքի ակցիաների մասնակիցները փորձել են երթեր կազմակերպել՝ խախտելով հակահամավարակային արգելքները, չհետևելով հեռավորության պահպանման նորմերին կամ երբ դիմակներ չեն ունեցել, տեղեկացնում է epd գործակալությունը։

Իրավապահների հետ բախումներ են տեղի ունեցել Մագդեբուրգում (Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկիր), Ռոստոկում (Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա) և Լիխտենշտեյնում (Սաքսոնիա)։

Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաև Թյուրինգիայում և Բավարիայում։

Գերմանիայի միանգամից մի քանի դաշնային շրջաններում 2021թ. դեկտեմբերի 27-ին խստացվել էին սահմանափակումները։ Մակլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, օրինակ, փակվել էին կինոթատրոնները, թատրոնները, թանգարանները, կենդանաբանական այգիների ներքին շենքերը, լողավազանները և հանգստի այլ վայրեր։ Բրանդենբուրգում կորոնավիրուսի դեմ պատվաստվածներին և COVID-19-ով արդեն հիվանդացածներին  թույլատրված է մասնավոր կարգով հանդիպել 10 հոգանոց խմբերով առնվազն մինչև հունվարի 11-ը։