Վախը շնորհազրկում է մարդուն՝ իր ունեցած բոլոր առաքինություններից․ Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ)

«Վախի պատճառով գողացված է մեր ուրախությունը։  2022թ-ի՝ գալիքի մեջ մտնելու մեր ցանկությունը թող լինի այդ ուրախությունը վերադարձնելը»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան տարեվերջյան քարոզում։

«Վախը զգուշության հետ կապ չունի։

Վախը բերում է անտարբերության, բերում է ծուլության, բերում է կեղծ ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, երբ դու գործածդ մեղքը չես խոստովանում, որովհետև վախենում ես, որովհետև միգուցե պատժվես դրա համար։

Վախը շնորհազրկում է մարդուն՝ իր ունեցած բոլոր առաքինություններից։ Քաջությունն է համարվում առաքինություն։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում սիրելու։ Քաջությունն է, որ պատճառ է դառնում չվախենալու, մեղքը խոստովանելու, չխուսափելու, անտարբեր չգտնվելու, շահեցնելու ու բազմապատկելու։

Երբ դու պատասխանատվություն ունես, քաջությունն է պատճառ դառնում, որ գործես այդ պատասխանատվությամբ։ Գործել, որովհետև դա միայն քեզ չի պատկանում, այլ քեզ վստահվածին, դա կլինի համայնք, ժողովուրդ, եկեղեցի, պետություն, երկիր, հասարակություն, ընտանիք կամ այլ բան»։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի տարեվերջյան քարոզն ամբողջությամբ դիտեք տեսանյութում