Բայդենի օգնականը մտահոգություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև լարվածության առնչությամբ
ԱՄՆ Ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանը չորեքշաբթի օրը Հայաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնի հայտարարության մեջ։
«Սալիվանը նշել է Միացյալ Նահանգների հանձնառությունը Հայաստանի և Հարավային Կովկասի խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։ Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ զինվորականների ցանկացած տեղաշարժ անորոշ սահմանների մոտ սադրիչ և անպատասխանատու է»,- ասված է հայտարարության մեջ։ Հորնը չի մանրամասնել, թե կոնկրետ որտեղ է կայացել հանդիպումը։
Ամերիկացի առաջնորդի օգնականը «ողջունել է կողմերի միջև շփումների շարունակությունը և նշել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել վստահության ամրապնդմանն ու կարգավորմանը տարածաշրջանում ինչպես երկկողմանի հիմքով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»: «Սալիվանը ողջունել է երեկվա հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ բանագնացներ կնշանակեն՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար։ Սալիվանն իր երախտագիտությունն է հայտնել [Հայաստանի] վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելու համար և նշել մեր սերտ համագործակցությունը բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման և Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ»,- հավելել է Հորնը։

